среда, 14 мая 2014 г.

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ


     69 տարի է անցել այն օրից, երբ սովետական բանակը վերջապես պարտության մատնեց ֆաշիստական Գերմանիային: Մայիսի 9-ը նախկին Սովետական Միության երկների համար մեծ ցնծության օր է, իսկ մեր` հայերիս, համար եռակի հաղթանակի ամիս: Յուրաքանչյուր տարվա մայիսին մեր համայնքը նշում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ՀՀ առաջին անկախացման օրը:

     Միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ, մանկապարտեզի սաներ, ուսուցիչներ, պատերազմի վետերաններ, որոնք էլ հիշողություններ պատմեցին պատերազմի արհավիրքից: Շնորհավորելու էին եկել նաև Արցախյան գոյամարտի մասնակիցներ, որոնք վկայեցին, որ արժանի զավակներն ենք մեր պապերի, հաղթել ենք անհավասար մարտում ու թշնամին թող իմանա, որ ճամփա ունենք դեռ անցնելու…
    Միջոցառումն եզրափակեց համայնքի ղեկավարը` վետերաններին ու զոհված ազատամարտիկների ծնողներին նվերներ հանձնելով, ինչպես նաև հրավիրեց հուշաղբյուր` բաժակ-բաժակի զարկելով շարունակել օրվա խորհուրդը:  






четверг, 8 мая 2014 г.

ԾԱՌԱՏՈՒՆԿ

     Գարուն. նոր կյանքի սկիզբ, նոր ձեռքբերումներ, նոր իրադարձություններ...
Ասում են` մարդն իր կյանքի ընթացքում պետք է ծառ տնկի, տուն կառուցի, երեխա ունենա: Մեր համայնքն էլ այս տարի փորձեց վերաիմաստավորել գարնան գալուտը ծառատնկմամբ: Ինչպես սերմն է հողից ծիլեր առնում, սերմը փոխանցելով գալիք սերնդին, այնպես էլ մեր համայնքը ծառատունկին հրավիրել էր 70-ամյա պապերին: Պապերն էլ թոռների ուղեկցությամբ, գլխավոր փողոցի երկայնքով ծառը հողին պահ էին տալիս ու ասում,- հետնորդս իմ բացակայությունից հետո ծառն անջրդի չթողես: Արցախյան շարժմանը զոհված վեց քաջորդիների անունից ևս ծառեր տնկեցին մերձավորների կողմից:















     Ծառատնկմանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Սարգիս Աթոյանը` նվիրելով 100 բարդի, որոնց էլ բարձր դասարանցիները տնկեցին գյուղի ծայրամասում գտնվող խաչքարի շրջակայքում:  Ծառերը գտնվում են համայնքի ուշադրության կենտրոնում` ցանկապատված են և ստանում են ամենօրյա խնամք: